ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին

Բաց նամակ ՀՀ  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին
18.11.2014 | 11:42

Հարգելի՛ պարոն Կոստանյան:
Ձեզ դիմողը Հայաստանի քաղաքացի Վիկտոր Բաղդագուլյանն է, ում երկու տարի առաջ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ Ալբերտ Թադևոսի Հովհաննիսյանը խաբեությամբ վիրահատել և զրկել է տեսողությունից:
Մինչ այս վիճակը Ալբերտ Թադևոսի Հովհաննիսյանը շուրջ մեկ տարի ինձ ներարկում էր «ավաստին» կոչվող դեղամիջոցը` նշված գործողությունից առաջ ամեն անգամ առաջարկելով, որ ես համաձայնվեմ, որպեսզի աջ աչքիս կատարակտը վիրահատի, որի արդյունքում (իր խոսքերով) տեսողությունս կդառնա մինչև 45-50 տոկոս: Ես կտրականապես հրաժարվում էի` ասելով, որ ցանկացած վիրահատություն ինձ հակացուցված է, և խնդրում, որ նման խոսակցություն այլևս չտանի, քանի որ Հովհաննիսյանի այդ առաջարկներից ակնհայտորեն երևում էր փող աշխատելու նրա մոլուցքը: Այդ ժամանակ աջ աչքիս տեսողությունը 30 տոկոս էր, որի շնորհիվ ինքնուրույն տեղաշարժվում էի, լիովին տեսնում մարդկանց դեմքերը` գործիս բերումով երբեմն մասնակցում նաև դատական նիստերի:
Նշեմ նաև, որ Հովհաննիսյանի առաջարկը չէի ընդունում, քանի որ մինչ այդ դիմել էի Մոսկվայի Ֆեոդորովի անվան ակնաբուժական կլինիկայի առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ Գորշկովին և Պրոշինային՝ վիրահատական ճանապարհով տեսողությունս լավացնելու համար: Վերջիններս, սակայն, երկարատև հետազոտությունից հետո կտրականապես արգելել էին ցանկացած վիրահատական միջամտություն` ասելով, որ եթե նույնիսկ մեկ մլն դոլար էլ վճարեմ, իրենք այդ վիրահատությունը չեն կատարի, քանի որ այն կավարտվի կուրացման ելքով. ես պետք է բավարարվեմ իմ ունեցած տեսողությամբ: (ՈՒնենալով նման եզրակացություն՝ ես ինչպե՞ս կարող էի համաձայնվել մի սովորական բժշկի առաջարկին):
Ճակատագրական այդ օրը՝ 2012 թ. հուլիսի 19-ին, երբ աչքերս մի փոքր բորբոքվել էին, որդուս խնդրեցի աշխատանքից տուն վերադառնալուց առաջ երեկոյան ժամը 6-ին միասին այցելել բժշկի, որպեսզի վերջինս, եթե նպատակահարմար գտնի, հակաբորբոքային լրացուցիչ կաթիլներ նշանակի:
Այցելության ժամանակ զննելով իմ աչքերը՝ Հովհաննիսյանը հայտարարեց, որ դրանք թարախակալված են և պետք է անհապաղ մաքրվեն, հակառակ պարագայում՝ րոպեներ անց կպայթեն: Իսկ քանի որ (նրա ասելով) աշխատանքային օրն ավարտվել է, հետագա բարդություններից խուսափելու համար ավելի լավ է աչքերիս թարախն անհապաղ մաքրվի:
Հովհաննիսյանի կողմից ստեղծած տասնհինգից քսան րոպե տևողությամբ ինքնահնար «սարսափ շոուն» և՛ ինձ, և՛ որդիներիս վրա այնպես ներգործեց, որ ես համաձայնվեցի՝ «աչքերիս թարախը մաքրվի»: Կրկնում եմ` ընդամենը աչքերիս թարախը մաքրվի: Նշեմ, որ կատարակտի վիրահատման կամ արհեստական ոսպնյակի տեղադրման մասին խոսք անգամ չի եղել, որովհետև Հովհաննիսյանն ավելի քան համոզված էր, որ ես այդ անգամ էլ չեմ համաձայնվի:
Ժամը 19-ի սահմաններում առանց նախնական հետազոտման պարոն ակնաբույժի կողմից իբրև թե կատարվեց աչքերիս թարախի մաքրումը: Սակայն առավոտյան պարզվեց, որ նա միաժամանակ աջ աչքիս կատարակտի վիրահատություն է կատարել: Դա բացատրեց նրանով, որ իբրև թե աչքիս հատակում էլ թարախ կար, որը մաքրելուց հետո միաժամանակ ստիպված է եղել փոխել ոսպնյակը:
Հովհաննիսյանի ասածն ավելի քան սուտ էր, քանի որ նա ոչ թե վիրահատության ընթացքում էր նկատել աչքիս հատակի թարախը և ստիպված եղել փոխել ոսպնյակը, այլ մինչև վիրահատությունն էր իր անելիքը որոշել` վիրահատությունից առաջ որդուցս վերցնելով նաև ոսպնյակի փոխման գումարը:
Սեփական նախաձեռնությամբ իրականացրած վիրահատության համար, որը տևել էր երկու ժամ, Հովհաննիսյանը որդուցս վերցրել էր 500 հազար դրամ:
Այն հարցին, թե ինչու ձախ աչքս (թարախը մաքրելու համար) չի վիրահատել, նա պատասխանեց քար լռությամբ: Մի խոսքով՝ այդ ստոր մարդու իր իսկ կողմից նախաձեռնած վիրաբուժական «արարողությունը» նպատակաուղղված էր ընդամենը փող կորզելուն: Քանի որ պահանջած գումարը ստանալուց հետո (վիրահատությունից հետո իմացա) մեկ օր անց նա մեկնել էր Ամերիկա` նախօրոք ունենալով այնտեղ ուղևորվելու տոմս: Հավանաբար, նրա այդ օրվա հապշտապ «վիրահատական ձեռնարկումները» (վիրահատությունն ուշ ժամին կատարելը, մեզ այդ ուղղությամբ մինչև առավոտ մտածելու ժամանակ չտալը, սարսափի սցենար սարքելը) գումար պոկելու նպատակով էին:
Առավոտյան, երբ վերցրին աչքերիս վիրակապը, պարզվեց, որ ես բացարձակ կորցրել եմ տեսողությունս:
Մինչ այս Ձեզ ուղղված նամակը գրելը (2013 թ. փետրվարին) դիմել եմ իրավապահ մարմիններին՝ ակնկալելով արդար լուծում, սակայն ո՛չ Կենտրոնի, ո՛չ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունները, իրենց ձեռքի տակ ունենալով փաստեր՝ տվյալ բժշկի կողմից թույլ տրված բազմաթիվ անօրինությունների ու հանցագործությունների վերաբերյալ, հարկ չեն համարել նույնիսկ քրեական գործ հարուցել` լրիվ օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն կատարելու համար: Քանի որ Հովհաննիսյանը, զգալով աշխատանքից, համբավից, գործունեությունից ու թալանից սպասվող մեկընդմիշտ զրկվելու անցանկալի հետևանքներն ու վախը, կաշառել է վերոնշյալ իրավապահ մարմիններին: Նշված կաշառքից կուրացած՝ նրանք մինչ օրս չտեսնելու են տալիս բժշկի իրականացրած հանցագործությունները:
Իսկ ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննությանը, դա արդեն անարդարության գլուխգործոցն է: Առանց ինձ տեսնել-զննելու, ինչպես նաև նյութերն իրենց մոտ 6 ամիս պահելուց հետո, տվել են կեղծ եզրակացություն, իբրև թե բժիշկը (Հովհաննիսյանը) ամեն ինչ կատարել է օրենքի սահմաններում, և ես կլինիկայից դուրս եմ գրվել նույնիսկ տեսողության լավացումով:
Պարոն Կոստանյան, Դուք ամեն առիթով հայտարարում եք, որ խիստ անզիջում պայքար եք մղելու կաշառակերության և կոռուպցիայի դեմ: Խոսքս ուղղելով Ձեզ՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դատաբժշկական փորձագետներ Շաքարյանը, Մելքոնյանը և Գագիկ Հարությունյանը, ովքեր անգամ չեն տեսել ինձ, իրենց կեղծ եզրակացությունը տվել են՝ նյութական շահագրգռվածությունից ելնելով, որով կոծկվել է հանցագործությունն ու հանցագործն ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Իսկ ես, որ Հովհաննիսյանի ձեռքով դատապարտվել եմ ցմահ հաշմանդամության, կսպասեմ «արդարադատության» ավարտին, որից հետո ես իմ ձևով կիրագործեմ արդարությունը: Դատարանները դարձել են ոչ թե արդարության օրրաններ, այլ սովորական աճուրդի կենտրոններ, որտեղ գործում է ոչ թե «ո՞վ է ճիշտ և արդար» սկզբունքը, այլ` «ո՞վ շատ կտա»: Մարդիկ էլ, վիրավորանքից ու անզորությունից դրդված, ստիպված հեռանում են իրենց հայրենիքից:
Այսօր իրավական ոլորտում տիրող անարդարության պատճառով է նաև, որ մարդիկ արդարությունը փնտրում են դատարանի դահլիճից դուրս, և «վենդետան» է դարձել արդարությանը հասնելու միակ ճանապարհը:
Այս պահին` Ձեզ ուղղված նամակը գրելիս, ես ինձ զգում եմ վերին աստիճանի անարգված և ստորացված, և ցանկություն կա նրան պատասխանելու իր իսկ ձևով:
Խնդրում եմ Ձեր միջամտությունը (իմ ներկայացրած փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո) արժանի գնահատական տալ Հովհաննիսյանի հանցագործությանը, որպեսզի վերջինս, օգտագործելով բժշկի իր սպիտակ խալաթը, գումար կորզելու համար ուրիշներին ևս չդժբախտացնի:
Հուսով եմ, որ Ձեզ ուղղված իմ բաց նամակը անպատասխան չի մնա և Ձեր կողմից կարժանանա համապատասխան գնահատականի:


Հարգանքներով`
Վիկտոր ԲԱՂԴԱԳՈՒԼՅԱՆ

Դիտվել է՝ 3745

Մեկնաբանություններ